Գերմանիան եւ ԵՄ եւս 22 պետություն դրել են եվրոպական պաշտպանական միության հիմքը՝ նոյեմբերի 13-ին ստորագրելով ռազմական եւ պաշտպանական ոլորտում մշտական կառուցվածքային համագործակցության ընդլայնման մասին պաշտոնական ծանուցում։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի կայքում տեղ գտած հայտարարության մեջ։

Պաշտպանական համագործակցության ընդլայնման շուրջ համաձայնության են եկել ԵՄ բոլոր երկրների պետությունների ներկայացուցիչները, բացի Դանիայից, Իռլանդիայից, Մալթայից, Պորտուգալիայից եւ Մեծ Բրիտանիայից, որը մտադիր է 2019-ի մարտին լքել ԵՄ–ն։  Այս  5 երկրները կարող են համաձայնագրին ավելի ուշ միանալ։ Ստորագրումից հետո փաստաթուղթը փոխանցվել է ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին եւ ԵՄ Խորհրդին, փոխանցում է DW–ն։

PESCO–ի մասին ծանուցումը պարունակում է սկզբունքներ, որոնք ընկած են համագործակցության հիմքում, ինչպես նաեւ 20 պարտավորություններից բաղկացած ցուցակ, որոնք ստանձնում են մասնակիցները։ Դրանց թվում են պաշտպանական բյուջեի կանոնավոր մեծացումը եւ համատեղ պաշտպօանական նախագծերին մասնակցությունը։