Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարող, դասադուլ հայտարարած ուսանողներն այսօր՝ նոյեմբերի 15-ին, շարունակում են իրենց բողոքի ակցիան: Նրանք առավոտյան երթով շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ երեկվանից քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:

Նշենք, որ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ նա դադարեցրել է հացադուլը:

Բացի այդ, ԵՊՀ-ի առջեւ նստացույց էր սկսվել, որը շարունակվելու է նաեւ այսօր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: