2018թ. պետական բյուջեի նախագիծը կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ապահովել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային Ժողովում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
« Պետական բյուջեի նախագիծը կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ապահովել, առաջինը նրա համար, որ կարեւորովեց տնտեսական առաջընթացի ապահովումը, ծախսերի արդյունավետության ապահովումը, հավասար հարկային հարկաբյուջետային քաղաքականության ապահովումը: Սրանք այն հիմնական գործիքներն են, որոնք առաջիկա 2018թ. բյուջեում պետք է լինեն եւ սրանց հիման վրա էլ պետք է իրականացնենք մեր տնտեսական քաղաքականությունը»,-ասաց նա:
Գագիկ Մելիքյանը նաեւ նշեց, որ տնտեսական առաջընթացի ապահովումն ու ներդրումների ապահովումն հարկավոր է բյուջետային հավասար քաղաքանությամբ. «Մեզ քննադատում են արդյունավետ ծախսեր ապահովելու ծրագիր ունենալու համար, մեր նպատակը սուրճ խմողի հաստիքներ պետական համակարգում ունենալը չէ»:
Նրա խոսքով, 2018թ. կանխատեսվումէ Հայաստանի տնտեսության 4.5 տոկոս իրական աճ, այն դեպքում, երբ արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով Ռուսաստանում 1.6 տոկոս տնտեսական աճ է կանախտեսվում, Ղազախստանի համար՝ 2.8, Բելառուսի համար 0.7. «Սա նշանակում է, որ այդ համակարգում մենք առաջատար ենք, այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի մեջ գտնվող երկիր ենք»:
Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:
2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:




























