Հայաստանն ազատականացնում է Հնդկաստանի հետ վիզային ռեժիմը, որի շնորհիվ այս երկրի քաղաքացիներին վիզայի տրամադրման գործընթացը կհեշտանա: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 16-ի նիստում:

Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնելիս վիզան ստանալ սահմանապահ հսկիչ անցակետում՝ էլեկտրոնային վիզային համակարգով կամ արտասահմանյան երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսարաններում:

«Առայժմ Հնդկաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ հրավերքով: Սակայն մոտ ժամանակներում այս պահանջը կհանվի, իսկ վիզան հնարավոր կլինի ստանալ ոչ միայն դեսպանատանը, այլ նաեւ սահմանապահ կետերում եւ անգամ էլեկտրոնային եղանակով»,- օրինագիծը ներկայացնելիս հստակեցրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա հավելեց, որ այս որոշումն ընդունելու արդյունքում ակնկալվում է Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսք՝ նշելով, որ ուսանողներից բացի, սկսել են ժամանել նաեւ մեծ թվով զբոսաշրջիկներ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը զեկուցողին հարցրեց՝ արդյոք նման ռեժիմ գործո՞ւմ է Չինաստանի հետ: Ի պատասխան Քոչարյանը պարզաբանեց, որ Հայատանի եւ Չինաստանի միջեւ դեռեւս նման մեխանիզմ չի գործում:

Նշենք, որ Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2017-ի հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հնդկաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 168 տոկոսով: Հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը տրամադրել է 1695 մուտքի վիզա, ինչը 479-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: