Կառավարությունը ներկայացրել է աշխատելու բյուջե: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ «դրվատանքի» խոսքեր ասելով իշխանություններին:

«Պետական բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե հաշվապահական ցուցակ, եւ այն փաստաթուղթն է այն քաղաքական թիմի,  որն ունի մեծամասնություն խորհրդարանում եւ Կառավարություն է ձեւավորել, այս փաստաթուղթը բխում է իր ծրագրերից եւ մոտեցումներից: Հայտնի է, որ բյուջեի կազմումն իսկապես հնարավորի արվեստն է, դրվատանքի խոսքեր եմ ասում Կառավարության, հատկապես ֆինանսական բլոկի նկատմամբ, որոնք նորովի ներկայացան այս տարի»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, մոտ ապագայում արդեն բյուջեի եկամուտներն ավելի մեծ կլինեն, քան ծախսերը, իսկ արդյունքները կազդեն կենսամակարդակի վրա եւ շոշափելի կլինեն մեր քաղաքացիների համար:

«Կառավարությունը ներկայացնում է աշխատելու բյուջե: Առավելագույնս հաշվարկված է, իրատեսական  է եւ ունի զարգացման այնպիսի ներուժ, որը կբերի անվտանգության եւ տնտեսական կայուն աճի ապահովման, որի շնորհիվ կբարձրանա կենսամարդակը, կնվազի ազքատությունը»,- ասաց նա: