Վենեսուելայի նախկին գլխավոր դատախազը դիմել է Միջազգային քրեական դատարան նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ չորս այլ պաշտոնատար անձանց նկատմամբ մարդկության դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ հետաքննություն սկսելու համար, հաղորդում է AP-ն:

Լուիզա Օրտեգան մեծ թվով փաստաթղթերով եւ օգնականների ուղեկցությամբ այցելել է Հաագայի դատարան: Նա ասել է, որ ավելի քան 1000 ապացույցներ է հանձնել դատարան, այդ թվում` դատական հաշվետվություններ, վկաների հետ հարցազրույցներ եւ փորձագիտական վկայություններ, ըստ որոնց 2015 թվականից անվտանգության ուժերը 8000-ից ավելի սպանություններ են կատարել:

 «Նիկոլաս Մադուրոն եւ իր կառավարությունը պետք է վճարեն մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունների համար, ինչպես նաեւ վենեսուելական ժողովրդին սով, տառապանք եւ զրկանքներ պատճառելու համար», - լրագրողներին ասել է նա:

Ըստ նրա` նա բողոք է ներկայացրել միջազգային դատարան, քանի որ «Վենեսուելայում անհնար է պատժել այդ մարդկանց », որտեղ դատական համակարգը գտնվում է իշխող սոցիալիստական կուսակցության ձեռքին: