«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանին դատարան կանչված շտապօգնության բժիշկների ներարկումից հետո նրա արյան ճնշումը նորմայից իջել է, որից հետո նրան այդ վիճակում տեղափոխել են մեկուսարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
Նրա խոսքով, դատարան հրավիրված շտապօգնությունը առաջարկել է Կարո Եղնուկյանին տեղափոխել հիվանդանոց, բայց վերջինը չի համաձայնել. «Եղնուկյանը չի ունեցել արյան ճնշման խնդիր, նրա մոտ այժմ դրվագային հիպերտոնիա է, որի արդյունքում արյան ճնշումը հասնում է մինչեւ 220-ի։ Այսինքն, Եղնուկյանի վատ ինքնազագցողությունը առաջանում է սթրեսի հետեւանքով, եւ դա բնական է, քանի որ նրա ներկայացված միջնորդությունները անընդհատ մերժվում են»,-նշում է նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ անցկացվող նիստի մեկնարկին Կարո Եղնուկյանը խնդրել էր իրեն ազատել դատական նիստերին ներկա լինելուց: Նա պարզաբանել էր, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է արյան բարձր ճնշումով եւ նիստին ներկա գտնվել չի կարող: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը՝ որոշելով նաեւ «Շտապօգնություն» հրավիրել:
Նշենք, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատանում է դատական նիստի ընթացքում:



























