Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Սասնա ծռերի» գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց՝ իրեն տրամադրել գործի նյութերի 42-ից 45-րդ հատորները եւ գործին կցված տեսանյութերի կրիչները։ Պարզվեց՝ մյուս պաշտպաններն էլ չունեն այդ նյութերը։ Այն բանից հետո, երբ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց, որ իրեն եւս տրամադրեն այդ նյութերը, Արտուշ Գաբրիելյանը արձագանքեց․ «Իյա՛, էս դու էլ չունես»։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը եւ խոստացավ մինչեւ մյուս նիստը պաշտպաններին տրամադրել նշված նյութերը։
Նշենք, որ այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին 3 անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։
Նախ, ամբաստնայալներից Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդությունը ներկայացնելիս, նշեց, որ Արտուշ Գաբրիելյանը ցույց է տվել իր կողմնակալությունը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ, որտեղ մեղադրել էր պաշտպաններին դատավարությանը 4 ամիս շարունակ հետաձգման համար։ «Միգուցե գայթակղությունը շատ է, փաստաբաններն ազատ են, հարցազրույց են տալիս, Դուք ուզում եք պատասխանել, բայց Դուք դատավոր եք եւ զրկված եք այդ իրավունքից»,-նշեց նա։
Երկրորդ միջնորդությունը ներկայացրեց պաշտպան Արա Ղարագյոզյանը , նշելով, որ դատավորը կողմնակալ է, ինչի ապացույցն է այն, որ որ նա որոշել է ամբաստանյալներից Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ, այն էլ՝ անորոշ ժամկետով։
Երրորդ միջնորդությունը ներկայացրեց Գրիշա Բալասանյանը, պնդելով, որ իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց ընտրված կալանքը պետք է վերանայել. «Այն, որ «Սասնա ծռերի» անդամներից բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, բացառում է անհատականության մոտեցումը, իսկ Տիգրան Սարգսյանը պատվոգրերի եւ շքանշանների է արժանացել ՀՀ եւ Արցախի նախագահների կողմից»,-նշեց նա։
Ինքնաբացարկի 3 միջնորդություններն էլ դատարանը մերժեց։
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի,Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:



























