Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին:

Ողջունելով անվանի գիտնականին մեր երկրում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են տանում քաղաքակրթությունը՝ դառնալով ժամանակի խորհրդանիշներ:

«Մենք նաեւ դրանով փորձում ենք մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել հաջողված փորձերի եւ հաջողակ մարդկանց վրա՝ բոլոր միջոցներով բացատրելով, որ ամենամեծ հարստությունը մարդն է՝ իր թերություններով, իր խնդիրներով, բայց նաեւ իր տաղանդով: Այս ոլորտի վրա ուշադրությունը, կարծում եմ, տալիս է արդյունքներ: Մեր երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն ոլորտի նկատմամբ, եւ շատ ուրախալի է, որ այդպիսի հետաքրքրություն ունեն նաեւ դպրոցականները»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Թոնի Ֆադելը շնորհակալություն է հայտնել Նախագահին հյուրընկալության համար եւ նշել, որ արդեն հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ եւ տեղյակ է Հայաստանում ՏՏ ոլորտում, հատկապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացվող նորամուծությունների մասին:

«Դուք պետք է բացեք ձեր երկիրը արտաքին աշխարհի համար, պետք է պատմեք, թե ինչ դրական զարգացումներ կան ձեզ մոտ: Մենք հիմա շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ձեր կրթական համակարգում շատ լավ դիրքավորված է ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ այս ոլորտի այլ առարկաների դասավանդումը, եւ սա ձեզ հնարավորություն է տալիս տվյալների հետ աշխատանքում, տվյալների ինժեներիայում մեծ հաջողությունների հասնել: Եթե այն ամենը, ինչ վերջին 12 ժամերի ընթացքում ես լսում եմ ձեր երկրում, ճիշտ է՝ ես արդեն սկսել եմ մտածել, որ այն ստարտափները, որոնք ես եմ հիմնել, այստեղ բերելով եւ այստեղի աշխատուժի հետ աշխատելով՝ նոր հնարավորություններ կարող են ունենալ»,- ասել է Թոնի Ֆադելը եւ ընդգծել, որ կցանկանար կրկին վերադառնալ Հայաստան ու Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է, թե ինչով կարող է օգտակար լինել Հայաստանին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը, ինչպես նաեւ նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ: Այն մարվելու է հատուկ դրոշմակնիքով:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ Թոնի Ֆադելի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաեւ ընդունելություն: