Եթե ՊԵԿ-ը հետապնդեր գերատեսչական շահի խնդիր, ապա «Հարկային ծառայության մասին» օրենքը չէր ներկայացնի Ազգային Ժողովին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ազգային Ժողովում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Ըստ ներկայացված դատողությունների, ՊԵԿ-ը պետք է շահագրգռված լիներ այդ գումարներն իր մոտ պահելու, այլ ոչ թե ներկայացներ նախագիծ, որով այդ գումարներն ուղղվելու են կառավարության պահուստային ֆոնդ: Ինչպես են խնայում գումարները. յուրաքանչյուր տարի, կախված զարգացման եւ խրախուսման ֆոնդի ծախսման ուղղություններից եւ եկամուտների գոյացման աղբյուրներից, այդ մեծությունը փոփոխական է: Կախված է նրանից, թե մաքսային մարմիններն ինչքան ծառայություններ են մատուցում եւ ինչքան մաքսավճար է գոյանում, կախված է նրանից, թե ինչ են հայտնաբերում հարկային մարմինները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է համաչափ եւ ոչ համաչափ վարչարարությանը, Վախթանգ Միրումյանը նշեց. «Անկեղծ ասած, համաչափ վարչարարությունը հասկանալի կատեգորիա չէ մի քանի դեպքերում. երբ տնտեսվարող սուբյեկտը շարունակաբար զգուշացումից, ծանուցումից հետո չի փոխում վարքագիծը եւ շարունակում է հայտարարագրել իրացման շրջանառությունը: Այս դեպքում անհասկանալի է՝ որն է համաչափ եւ ոչ անհամաչափ վարչարարություն, որն է այն չափը, որով պայմանավորված պետք է որոշվի՝ համաչափ է, թո ոչ»:
Նշենք, որ Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում լրացում կատարելու նախագծերը։
Հիմնական զեկուցողը ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է:
Հիշեցնենք, որ այս քննարկմանը նախորդել էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:




























