Եկամտային հարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում։  Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23–ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մանրամասնելով, թե որ դեպքում է պետությունը հետ վերադարձնում վարկառուին եկամտային հարկը հիպոթեքային վարկի տոկոսը մարելու նպատակով։

Նրա խոսքով, եկամտային հարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում։  Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի  55 միլիոն դրամը։  Բացի այդ, վարկառուն եւ համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան։

«Տվյալ սեփականատերը կամ վարկառուն կամ համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան։ Մեկը ունեցել է մեկ բնակարան եւս երկուսը գնել է։ Հարց է ծագում՝ եթե մարդը ունի մեկ բնակարան, ինչո՞ւ պիտի հարկատուների հաշվին նրա եկամտահարկը  հետ վերադարձվի։ Մենք փորձում ենք հարկատուների փողերը ավելի նպատակային օգտագործել։ Այնպես չլինի, որ բնակարան գնողը լինի ֆինանսապես բարձր խավից  եւ հարկատուների հաշվին օգտվի պետության աջակցությունից։ Պետք է բնակարանի արժեքը լինի 55 միլիոնից էժան  եւ  վարկառուն ու համավարկառուն չունենան այլ բնակարան»,–մանրամասնել է Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ այս տարվա ընթացքում պետբյուջեից որպես հիպոթեքային վարկի տոկոսադրույքի աջակցություն վարկառուներին վերադարձվել է շուրջ 220 միլիոն դրամ։