Լոս Անջելեսում ժամեր անց կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի» ամենամյա դրամահավաքը։ Այս տարի դրամահավաքին հրաժարվել է մասնակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Մարաթոնի մեկնարկից ժամեր առաջ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, ըստ որի դրամահավաքին մասնակցելու փոխարեն որոշել է սեփական նախաձեռնությամբ հանդես գալ եւ Արցախում զորամաս կառուցել։
Ուշագրավ է, որ հայտարարության մեջ դրամահավաքին չմասնակցելու մասը հստակ չի նշվում։ Կարեւորվում է հիմնադրամի առաքելությունը, սակայն նախընտրում նվիրաբերելիք միջոցները ծառայեցնել սեփական նախաձեռնությանը։ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ չեն ցանկացել շեշտել չմասնակցելու հանգամանքը։ Մեր հարցին, թե ի՞նչն է դրամահավաքից հրաժարվելու պատճառը, հնարավո՞ր է այսպիսով նա անվստահություն է հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Դրամահավաքին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ հարցը չեմ քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկվել է այս նախաձեռնությունը, եւ որոշել է պարոն Ծառուկյանը ահռելի ֆինանսական ներդրում անել եւ զորամաս կառուցել։ Անել մի բան, որի պատասխանատուն կլինի ինքը, սա իր ցանկությունն է եղել»։
Զորամասի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը։




























