Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնը։ Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ (solar power stations)։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել եւ իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց եւ մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն եւ բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։




























