Պատմաբան Շտեֆան Դիթրիխը գաղտնազերծել է Ադոլֆ Հիտլերի դիետոլոգ–խոհարար Կոնստանտին Մանցիարլիի նամակները, որոնցում նկարագրվում է ֆյուրերի սննդակարգը, եւ ասվում է, թե ինչ է նա կերել մահից առաջ, հայտնում է Focus–ը։

Մանցիարլին Հիտլերի դիետոլոգն է եղել մոտ մեկ տարի։ 1945-ի ապրիլի 30-ի երեկոյան Մանցիարլիին կանչել էին ֆյուրերի բունկեր եւ հրամայել ձվի մխլու եւ կարտոֆիլի խյուս պատրաստել։ Այն ժամանակ Հիտլերի ինքնասպանության մասին ոչինչ հայտնի չէր, եւ խոհարարն այդպիսով դարձել էր առաջիններից մեկը, ում հայտնի էր դարձել Հիտլերի մահը։

Կինն իր նամակներում գրել է, որ Հիտլերը մշտապես կարկանդակներ եւ տորթեր էր ուտում։ «Իմ աշխատանքի մեծ մասը տորթեր թխելու վրա էր անցնում, քանի որ Հիտլերը դրանք շատ էր ուտում։ Ամեն օր ես մի քանի ժամ թխելու վրա էի անցկացնում, բայց երեկոյան ամեն բան վերջանում էր»։

Նամակներից պարզ է դառնում, որ նա Հիտլերի խոհարարն էր դարձել պատահաբար։ 1944-ի գարնանը Հիտլերն իմացել էր, որ իր նախկին դիետոլոգը, «զտարյուն արիացի չի» եւ սկսել էր նորին փնտրել։ Այդ ժամանակ էլ Հիտլերը ծանոթացել էր Մանցիարլիի հետ։ Նա կլինիկայի խոհանոցում էր աշխատում եւ հաճախ էր նրան ուտելիք բերում։

Դիթրիխը վստահ է, որ աղջիկը դժգոհ էր ֆյուրերի հետ աշխատելուց, սակայն չէր կարող մերժել նրա անձնական խոհարարը դառնալու առաջարկը, քանի որ նրան կդատեին։ Թե ինչ է եղել խոհարարի հետ Հիտլերի ինքնասպանությունից հետո, հայտնի չէ։ Որոշ տեղեկություններով՝ 1945–ին նրան սպանել էր ոմն խորհրդային զինվոր։