Սահմանադրությունը երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիներին թույլ չի տալիս աուդիտոր լինել: Սա Սահմանադրության պահանջն է: Նոյեմբերի 24-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի այն հարցին, թե ինչու երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիները չեն կարող աուդիտորներ լինել:
Ամենայն հավանականությամբ, պատասխանն ընդդիմադիր պատգամավորին բավարարեց, քանի որ դրանց հետո նրա մոտ լրացուցիչ հարցեր չառաջացան, եւ թվում է, սահուն ծավալվող բանավեճը կտրուկ ընդհատվեց: Սակայն պատգամավորին նաեւ մտահոգում էին աուդիտորական գոծունեության ժամկետները: Նրան հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է դրա համար 4 ամիս հատկացվում: «Իմ գործունեության ընթացքում ես 1-1,5 ամսվա կարիք էի ունենում: Ինչո՞ւ այսքան երկար»,- նշեց Թանդիլյանը:
Ի պատասխան՝ Վերահսկիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանը նշեց, որ պատրաստ է լսել Թանդիլյանի պատմությունն իր հարուստ փորձի մասին եւ ծանոթանալ բերված օրինակներին, թե ինչպես է հարկավոր եւ հնարավոր արդյունավետ աուդիտորական գործունեություն անցկացնել 1-1,5 ամսում:
Նիստի ավարտին «Ելք» դաշինքի պատգամավորը «կողմ» քվեարկեց «Աուդիտորական պալատի մասին» օրինագծին աջակցելուն, սակայն դրա հետ մեկտեղ հավելեց, որ իրեն մտահոգում է անկախ եւ որակյալ աուդիտ ապահովելու հարցը:



























