Մարսելի Լը Սեզար կինոսրահում նայեմբերի 24-ին, կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Աշխարհահռչակ շանսոնյեի նախաձեռնությամբ եւ նրա բարձր հովանու ներքո անցկացվող մրցանակաբաշխության հիմքում դրված է մշակութային եւ մարդասիրական արժեքների գնահատումը եւ յուրաքանչյուր տարի Շառլ Ազնավուրի անվան մրցանակը շնորհվում է որեւէ գրական ստեղծագործության հեղինակի: 2017 թվականի մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլը` «Մարսել Պանյոլ, 1895-1974թթ. մի կյանքի ալբոմ» գրքի համար:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ միասին ներկա է գտնվել ամենամյա գրական մրցանակի հանձնման արարողությանը։

Մինչ գրական մրցանակի հանձնումը, տեսաուղերձով ներկաներին ողջունել է Շառլ Ազնավուրը, ով առիթն օգտագործելով նաեւ շնորհավորել է Երեւանի եւ Մարսելի քաղաքապետերին՝ երկու քաղաքների համագործակցության եւ բարեկամության 25-ամյակի առթիվ: