Մայիսի 25-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է պայքարը  Հայաստանում տիրող անարդարության դեմ: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այժմ «Հանուն Հայաստան պետության»  ճակատի հետ միասին աշխատում են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, այժմ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի ճանապարհային քարտեզի վրա:

«Ժիրայր Սեֆիլյանի կոչով համախմբվել ենք, ճանապարհային քարտեզի  վրա ենք աշխատում, պայքարելու ենք հանուն հայրենիքի եւ հույս ունենք, որ հաղթելու ենք: Այժմ քարոզարշավ ենք անցկացնում ժողովրդի մեջ, բացատրում ենք իրավիճակը: 25 տարի ժողովրդին խաբել են ընդդիմադիր կոչվածները, չեն պայքարել մինչեւ վերջ, հանձնվել են, ծախվել են: Հիմա հավաքվել ենք մի խումբ հայրենասեր անձանցով, փորձելու ենք  մեր ազնվությամբ ապացուցել, որ  մենք ազնիվ միտումներ ունենք: Հանուն հայրենիքի կազմավորվելու ենք հեղաշրջում անենք, այս իշխանություններին ուղարկենք եւ օրենքով պետություն ունենանք»,-ասաց նա:

Պահեստազորի գնդապետը համոզված է, որ իրենց պայքարն արդյունավետ է լինելու եւ իրենք հաղթելու են:

Հիշեցնենք, որ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել եւ նույն օրը նստացույց սկսել՝ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի գործելու պահանջով, սակայն 4 օր անց դադարեցրել էր նստացույցը։