Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե այս տարի Արդահանում շինարարության ժամանակ հայտնաբերված ռուս գեներալի դին լեհական կողմի պահանջով ուղարկվելու է Լեհաստան։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը նշել է, թե լեհական կողմն իրենց հայտնել է, որ ռուս գեներալն ունեցել է լեհական արմատներ եւ ներկայում նրա ազգականներն ապրում են Լեհաստանում։

«Ռուս գեներալի դին Լեհաստան տեղափոխելու թեման օրակարգում է հայտնվել, երբ Թուրքիայի նախագահը այցելել էր Լեհաստան։ Իհարկե, ՌԴ-ն այս թեմային շատ ուշադիր հետեւում է»,-ասել է Նուման Քուրթուլմուշը։

Նշենք, որ թուրքական Posta պարբերականն էլ գրել էր, թե դագաղի մեջ գտնվող բարձրաստիճան զինվորականը 1877–1878 թվականներին Կարսը գրաված ռուս գեներալ Վասիլի Գեյմանն է։

Ավելի վաղ Կարսի թանգարանի տնօրենը հայտնել է, թե ԴՆԹ–ի տեստի արդյունքից հետո դիակը հանձնվելու է ՌԴ–ին։ Նա եւս պնդել է, թե մեծ է հավանականությունը, որ դագաղի մեջ գտնվող անձը հենց Վասիլի Գեյմանն է, ով 1878–ին վարակիչ հիվանդության զոհ է դարձել եւ թաղվել Արդահանում։