Ռուսաստանի սահմանադրական դատարանի կողմից «417 Օ» որոշումը, որով նախատեսվում էր, որ ԵՏՄ շրջանակներում վեճերի պարագայում գերակա է Ռուսաստանի օրենսդրությունը, նշանակում է, որ Ռուսաաստանը մասամբ դուրս է եկել ԵՏՄ-ից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանը հայտարարում է, որ այն որոշումները, որոնք կլինեն ՌԴ օգտին, կկիրառվեն, որոնք ընդունելի չեն լինի, չեն կիրառվի»,- ասել է Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ մեր սահմանադրական դատարանը պետք է ուսումնասիրի այս որոշումը եւ համապատասխան որոշում կայացնի, իսկ հակառակ դեպքում՝ Հայաստանը անելիք չունի ԵՏՄ-ում։

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այս օրենքի հետեւանքով էր, որ հայ վարորդներին հայկական վարորդական իրավունքներով թույլ չտրվեց աշխատել ՌԴ-ում։ «Եթե հանդիսանում ենք ԵՏՄ անդամ, ապա պետք է ուսումնասիրենք այս դեպքը, հարցը բարձրացնենք։ Վերջիվերջո, պետք է հասկանալ՝ եթե Ռուսաստանը շարժվում է իր շահերով, մենք էլ պետք է մեր շահը փնտրենք»,- իր խոսքում նշեց նա։