Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ մերժել է լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի։ Դատավորն իր խոսքում նշեց, որ հայցը մերժում է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Լրագրողը դիմել էր դատարան` խնդրելով որպեսզի պարտավորեցնի պատասխանողին ներողություն խնդրել իր վստահորդից, նաեւ «ճանաչի լրագրողի գործունեության ազատության խախտման փաստը, եւ ճանաչի սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը, քանի որ դա վիրավորական է սեռի նշմամբ»:
Դատարանը որոշեց սեռի հատկանիշով գենդերային խտրականության փաստը ճանաչելու պահանջի մասով գործը կարճել։
Դատականի ննիստից հետո Սիրանույշ Պապյանի պաշտպան Դավիթ Ասատրյանը նշեց, որ պաշտպանական կողմն անհիմն է համարում դատարանի որոշումը. «Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, երբ կծանոթանանք դատական ակտին։ Երբ ուսումնասիրենք դատական ակտը եւ հասկանանք, թե ինչ հիմնավորումներով են մեր հայցադիմումները մերժվել, ըստ այդմ էլ մեր քայլերը կձեռնարկենք։ Տեսանյութում հստակ երեւում է, որ պատասխանողը հստակ վիրավորել էր իմ վստահորդին։ Երեւում էր նաեւ, որ սեռի հատկանիշով էր վիրավորում եւ առկա էր օրենքի պահանջը, որ եթե սեռի հատկանիշով է վիրավորում, ապա առկա է գենդերային խտրականություն»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Այս միջադեպի առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել էր Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:
Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:



























