Վանաձորի Բուլղարական ավանի սկզբնամասում՝ հենց առաջին տնակների մոտ հողը ոտքի տակից փախչում է դեպի ձորը: Տարածքի բնակիչները բողոքում են. մի քանի տարի է, տնակներին կից տարածքի հողը սողանքային գործընթացների հետևանքով իջնում է դեպի ձորը, վտանգելով տնակում ապրողների գոյությունը:

«Երկու մետր դբա դոմիկը փուլ եկած ա, մենք ենք փորձել ցեմենտ-բիտոն անել, ժեշտել, մլել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է առաջին տնակի բնակչուհին:

Տնակային ավանում ապրողներն ասում են, որ երկու տարի առաջ են այդ հարցով դիմել Վանաձորի քաղաքապետարան, խնդրելով աջակցել: Խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, սակայն, քաղաքապետարանից պատասխանել են, որ համայնքը խնդրի կարգավորման համար ֆինանսական միջոցներ չունի:

Փոխարենը բնակիչներին առաջարկել են լքել տնակային ավանը: Բնակիչները, սակայն, համաձայն չեն. գործածության համար անպիտան դարձած տնակները բնակիչների միակ ապաստանն են: Նրանք պնդում են, որ գնալու տեղ չունեն::