Եվրամիության տարածքում ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսություն կսկսվի որոշակի տնային առաջադրանքներ կատարելու դեպքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Որոշակի տնային առաջադրանքներ կան, որոնց կատարելու դեպքում կսկսվի երկխոսությունը, որոշ օրենքներում փոփոխություններ պետք է կատարվեն, կոռուպցիայի հանձնաժողովը պետք է գործի: Այսինքն՝ պիտի տեսնեն, որ Հայաստանը տնային առաջադրանքների առաջին փաթեթը կարող է կատարել»: Պատգամավորի համար հասկանալի չէ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ՀՀԿ-ականների ոգեւորությունը:
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ էյֆորիան հասկանալի չէ, որովհետեւ եթե իշխանությունը ունի քաղաքական կամք երկրում բարեփոխումներ անելու, ապա դա կարող է անել առանց համաձայնագրի ստորագրման, եւ եթե իշխանությունը չունի կամք բարեփոխումների, վստահ եղեք, որ դա չի անելու նաեւ հիմա, այս համաձայնագրի ստորագրումից հետո: Համաձայնագիրը ոչ թե երկնային մանանա է, այլ ընդամենը հաջողության բանալի է, որ տրված է Հայաստանին: Կկարողանա այս հաջողության բանալին ճիշտ օգտագործել, ավելի լավ, չի կարողանա, մենք ստիպված կլինենք արձանագրել մի պարզ ֆորմուլա , որ իշխանությունը պատրաստ չէ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, մամուլի ազատության, մաքսային եւ հարկային լորոտներում առկա կոռուպցիան, արատավոր երեւույթները լուծելի խնդիրներ են նաեւ համաձայնագրի բացակայության պարագայում:




























