Հայաստանը շուտով կսկսի Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու միջոցով արքայանարինջ ( կորոլյոկ), հոն եւ ընկույզ արտահանել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ազատ տնտեսական գոտու պրոյեկտ-մենենեջեր Վարդան Սահակյանը։ Դրան զուգահեռ կընդլայնվի հայկական ավանդական մրգատեսակների՝ խաղողի եւ ծիրանի արտահանումը։
Ենթադրվում է, որ հիմնականում կարտահանվի Իջեւանի տարածաշրջանում աճեցվող արքայանարինջը։ Այս մրգատեսակը վերջերս է Իջեւանում տարածում գտել, մինչ այդ այնտեղ հիմնականում դեղձ ու խաղող էին աճեցնում։ Սպասվում է, որ Իջեւանի հարակից համայնքներում առաջիկա տարիներին արքայանարնջի մի քանի հազ. հա այգիներ կտնկվեն։
Ինչ վերաբերում է ընկույզին, ապա Վ. Սահակյանն ասաց, որ եվրոպական շուկայում հայկական ընկույզին դեռեւս ծանոթ չեն, սակայն արտահանման պոտենցիալը մեծ է։
Այլ մրգատեսակներից լուրջ հետաքրքրություն կա հոնի նկատմամբ։ Ըստ Սահակյանի՝ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում, 12-15 տարիների ընթացքում գյուղմթերքների շրջանառությունը Հայաստանում կավելանա մինչեւ 300 մլն դոլար, իսկ գյուղացու եկամուտները կաճեն 150-160 տոկոսով։




























