Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության ներկայացուցչի հայցը, որը մարիխուանայի կրկնակի օգտագործման համար քրեական պատիժների վերացում եւ այդպիսով՝ ապաքրեականացում էր պահանջել։ Այս մասին հաղորդում է Sputnik-Georgia-ն:
Դատարանը իր որոշումը բացատրում է նրանով, որ մարիխուանայի օգտագործումը հասարակական շահերի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ այս դեպքում դեղերի տարածման վտանգը փոքր է: Միաժամանակ, քրեական պատիժ կիրառելը այն բանի համար, որ անձը չվնասի իր առողջությանը, հակասում է ազատ հասարակության սկզբունքներին:
Դատարանի որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը չի համարվի քրեական հանցագործություն եւ չի պատժվի Վրաստանի քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի հատկանիշներով` «Անձնական օգտագործման նպատակով թմրանյութերի անօրինական պատրաստման, ձեռք բերման, պահման կամ ապօրինի շրջանառության համար՝ առանց բժշկի նշանակման»:
Հայցվոր Գիվի Շանիձեն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ գործող նորմը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձի ազատ զարգացման իրավունք։
Հայցի համաձայն՝ մարիխուանան կարելի է օգտագործել բժշկական եւ զվարճանալու նպատակներով, իսկ մարդն իրավունք ունի ընտրել իր հանգստի լարվածության թուլացման միջոցները։
Պատասխանող կողմը, այս դեպքում Վրաստանի խորհրդարանը, չի կարողացել ապացույցներ ներկայացնել, որոնք դատարանին կհամոզեին, որ մարիխուանայի ազդեցությունը մեծացնում է հանցագործություն կատարելու կամ հասարակական կարգը խախտելու վտանգը։




























