NASA գիտնականները Voyager-1 տիեզերական սարքի շարժիչները գործարկել են 37-ամյա պարապուրդից հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գործակալության կայքը:
Ակնկալվում է, որ այս գործողությամբ Voyager-1-ը եւս 2-3 տարի կգործի:
Ներկայումս հետազոտական սարքը, որը Երկրից թռիչքը մեկնարկել է 1977 թվականին, Երկրագնդից հեռացել է 21 մլրդ կմ եւ 61 հազար կմ/ժ արագությամբ շարունակում է մոտենալ Արեգակնային համակարգի սահմանին:
Կառավարման կենտրոնից ազդանշանը մինչեւ արբանյակ հասցնելու համար պահանջվել է 19 ժամ 35 րոպե:
NASA-ի գնահատմամբ՝ 40 հազար տարի հետո սարքը կանցնի աստղերի կողքով, մասնավորապես՝ Ընձուղտի համաստեղության AC+79 3888 աստղին մոտ: Հավանաբար, հետագայում Voyager 1-ը անվերջորեն երկար կթափառի Հարդագողի ճանապարհով:



























