Հայաստանի կառավարությունը 2018 թվականի համար 4,5 տոկոսի տնտեսական աճ նախատեսելով հույսը դրել է մի քանի հանգամանքի վրա։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։

«Նախ դրսի գործոններն են՝ կապված այն ապրանքների կամ հումքի հետ, որոնք արտահանվում են, երկրորդ գործոնը Ռուսաստանն է, որտեղ մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում, որն իր հերթին պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների այսօրվա մակարդակով։ Երրորդն իհարկե տրանսֆերներն է, որոնք էլի շարունակում են դեռեւս աճել. այս տարի 10-15 տոկոսի աճ կլինի։ Այս ամենը ըստ կանխատեսումների, եկող տարվա տնտեսական աճի հիմքեր է տալիս»,-ասաց նա։

Այդուհանդերձ, Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այդ գործոնները բավարար չեն տնտեսական աճ ապահովելու համար. «Ներքին ռեսուրսների օգտագործման անհրաժեշտություն կա։ Ես նկատի ունեմ մեր տնտեսության արդյունավետության բարձրացում, աշխատանքի արտադրողականության բարձրացում, նոր աշխատատեղեր, որոնց վերաբերյալ ես լավատես չեմ։ Բայց մի ուրիշ խնդիր է առաջանում. եթե նույնիսկ այդ ամենն իրականություն դառնա, ուղղակի էդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ  չի կանխատեսում աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների բարձրացում, սոցիալական նպաստների բարձրացում։ Քանի որ եթե իրականություն դառնա գնաճի 4.5 տոկոս ցուցանիշը, կամ 4 տոկոսը, կամ նույնիսկ 3 տոկոսը, մեր քաղաքացիների եկամուտների նվազում կլինի, քանի որ աշխատավարձի կամ կենսաթոշակի ավելացում չկա։ Հակասությունը սա է, որի պատասխանը ցավոք սրտի կառավարությունը մինչեւ օրս չի տալիս»,-ընդգծեց Վահագն Խաչատրյանը։