«Նոյ» ազգագրական թաղամասը պետք է կառուցվի Երեւանից դուրս: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Օրեր առաջ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում «Նոյ» ազգագրական թաղամասի նախագծի ընտրության հարցում կարեւորել է հանրային կարծիքը։ Վարչապետը նշել է նաեւ, որ այս ծրագիրը նպաստելու է մեր քաղաքի եւ երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։

«Այլընտրանքային նախագծեր խումբն», արձագանքելով վարչապետի այս առաջարկին, գտնում է, որ ազգագրական թաղամասի նախագիծը հետաքրքիր է թե՛ զբոսաշրջության գրավչության առումով, թե՛ մեր երկրում ներդրումներ բերելու, նոր աշխատատեղերի ստեղծման հարցում։

Միեւնույն ժամանակ Այլընտրանքային նախագծեր խումբը կարծում է, որ այդ թաղամասը պետք է կառուցվի Երեւանից դուրս։ Երեւանը գերկենտրոնացված է, իսկ մարզերը դատարկվում են։ Այս նախագիծը հաջողությամբ կարելի է իրականացնել Երեւանից դուրս՝ փոքր ու միջին քաղաքներում, գյուղական համայնքներում։ Հատկապես որտե՞ղ. սա արդեն այլ քննարկումների եւ այլ ընտրության հարց է։

Հայաստանը փոքր երկիր է, եւ Երեւանից կես ժամ, մեկուկես ժամ հեռավորությունը տուրիստի համար չնչին է։ Քաղաքից դուրս կառուցելու դեպքում՝ մուլտիպլիկացիայի էֆեկտով կակտիվանան այլ հարակից բիզնեսներ՝ դեպի «Նոյ» գյուղ հարմարավետ տրանսպորտի կազմակերպում, ճանապարհին հետաքրքիր կանգառների կազմակերպում, բուն թաղամասում տեղաբնակներին աշխատանքի հնարավորության ընձեռում եւ վերջապես ազգագրական թաղամասի շուրջ գոյություն ունեցող բնակավայրերի օրգանական կապում «Նոյին»։ Այս ամենը թույլ կտա աշխուժացնել, կյանք ներարկել որեւէ մարզում։

«Նոյը» կարելի է կառուցել որեւէ արժեքավոր կոթողի ճանապարհին, հարեւանությամբ։ Դրանք Հայաստանում շատ են, եւ հաճախ անմխիթար վիճակում։ Եթե մենք կարեւորում ենք Հայաստանում կրոնական տուրիզմի հեռանկարը, ապա սա լավ առիթ է՝ որեւէ կոթողի հարակից տարածքում աշխուժություն մտցնելու, ճանապարհները կարգի բերելու, միջավայրը բարեկարգելու համար։ Կարելի է հարակից գյուղերի դպրոցականներից, երիտասարդներից երաժշտական խմբեր կազմել, այդ կոթողում, «Նոյում» հոգեւոր եւ ազգագրական երգեր ներկայացնել, ընդհանրապես՝ ներգրավել գյուղական երիտասարդությանը եւ տեղացի տարբեր մասնագետների։ Այսպես են զարգացել եւ զարգանում եվրոպական շատ ու շատ փոքր քաղաքներ ու գյուղեր։

Ի վերջո՝ յուրաքանչյուր մարզի համար պետք է գտնվի մի լուծում, մի նոու-հաու։ Հարցին նայենք նաեւ այս տեսանկյունից։

Ինչ վերաբերում է Երեւանի տուրիստական գրավչության բարձրացմանը, ապա դրա բանալին այլ տեղ է․մենք դրան անդրադարձել էինք «Տուրիզմ. խելամիտ որոշումների անհրաժեշտությունը» հրապարակման մեջ։

Պետք է գտնել, ձեւակերպել Երեւանի տուրիստական բովանդակությունը։ Այսօր մեր քաղաքը դա չունի։

Երեւանի ամենակարեւոր պատմական կենտրոնը՝ Էրեբունի ամրոցը, թանգարանը, ժամանակակից քաղաքի հետ որեւէ օրգանական կապ չունեն։ Մտածել է պետք այդ ուղղությամբ, քաղաքի բանուկ հատվածից մինչեւ թանգարան տրանսպորտային հետաքրքիր, մտածված լուծումներ գտնել՝ տրամվայ, ճոպանուղի եւ այլն։

Մինչ այդ պետք է քաղաքում ցուցանակները, փողոցների անունների, շենքերի հասցեների նշումները կարգի բերել։ Տուրիստը Երեւանում մոլորվում է ամեն քայլափոխի։ Պետք է վերջապես սկսել համակարգային քայլերով լուծել մայրաքաղաքի տրանսպորային խնդիրը։

Ամփոփելով. մենք առաջարկում ենք «Նոյը» կառուցել որեւէ մարզում եւ քննարկումներ սկսել Երեւանի տուրիստական գրավչության հարցադրման շուրջ»: