Ի՞նչ է լինելու մանդարինի այդքան չարչրկված պատմությունը. հիմա ասենք մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնեց մանդարին, նա որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու և դա մոտավորապես ի՞նչ գործընթաց է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում դիմելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին, ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Միրումյանն ասաց, որ այդ հարցը կապված է ոչ թե այն նոր օրենսգրքի հետ, այլ գործող օրենսդրության դրույթ է, քանի որ ԵՏՄ հանձնաժողովը սահմանել է այն ապրանքների ցանկը և դրանց առավելագույն քանակությունը, որոնք կարող են ներմուծվել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման նպատակով և որոնց համար չի պահանջվում համապատասխան ֆիտոսանիտարական հավաստագիր։

Նրա խոսքով, ԵՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի որոշմամբ կոնկրետ միրգ-բանջարեղենի համար սահմանաչափը որոշված է 5 կգ, որի համար չի պահանջվում բուսասանիտարակական հավաստագիր, ավելիի դեպքում պետք է լինի համապատասխան հավաստագիր:

«Կարծում եմ՝ մեր քաղաքացիները այդ հավաստագիրը կարող են ստանալ ոչ միայն Վրաստանում համապատասխան ծառայություններից, այլ մեր ՍԱՊԾ-ից նույնպես։ Եվ եթե քանակությունը գերազանցում է թույլատրելի 5 կգ-ն, այդ հավաստագրի առկայության պարագայում ներմուծել ՀՀ»,- ընդգծեց ՊԵԿ փոխնախագահը:

Նշենք, որ Վրաստանի հետ սահմանակից բնակավայրերի առեւտրականները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս 5 կգ-ից ավելի միրգ ներմուծել Հայաստան: