Վերջին 5 տարիներին մեր երկիրը մրցակցային դաշտի բարելավման առումով էական առաջընթաց է գրանցել. եթե հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ 2010 թվականին մեր երկիրը զբաղեցնում էր 138-րդ հորիզոնականը, այսօր 40-րդ տեղում ենք: Այս մասին այսօր՝ Մրցակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, շեշտեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով, մրցակցության ուժգնացումը կարեւոր է ոչ միայն սպառողների, այլ նաեւ տնտեսվարողների ու պետության համար, քանի որ մրցակցությունը տնտեսվարողների համար ավելի արդյունավետ գործելու, շուկայում ավելի մրցունակ լինելու, նորամուծություններ կատարելու խթաններ է ստեղծում, իսկ հակամրցակցային գործունեությունից տուժում է նաեւ պետությունը. «Պետական ծախսերի զգալի մասը կազմում են պետական գնումները, եւ ազատ մրցակցության պայմաններում պետությունը եւս հնարավորություն է ստանում ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերել ավելի էժան գներով»:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաեւ, որ մրցացության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդցության ցուցանիշով 2010 թվականի համեմատությամբ բարելաավել ենք մեր դիրքերը 105 կետով եւ այսօր գտնվում ենք 28-րդ հորիզոնականում. «Մեկ այլ ցուցանիշի մասով՝ տեղական մրցակցության ցուցիչով առաջ ենք անցել նույնիսկ ԱՊՀ երկրներից, հարեւաններից, արեւելյան որոշ երկրներից: Այսօր 139-րդից զբաղեցնում ենք 66-րդ հորիզոնականը»:
Շաբոյանի խոսքով, բազում խնդիրներ են գրանցվել պետական գնումների համակարգում, երբ պետական մարմինների կողմից մրցույթների անցկացման կարգի խախտումներ են նկատվել։ «Պետական մարմինների կողմից երբեմն պետական գնումների գործընթացներ են խախտվում, եւ դրանք նաեւ իրենց ազդեցությունն են թողնում մրցակցային միջավայրի վրա, մուտքի խոչընդոտներ են ստեղծվում տնտեսվարոողների համար: Հաճախ են լինում դեպքեր, երբ պետական մարմիններին մրցութային հրավերներ ուղարկելու ժամանակ մրցույթային հայտարարություններում կոնկրետ ապրանքների, տնտեսվարողների անուններ են նշում, նախապես ուղղորդում են եւ, բնականաբար, հաղթող է ճանաչվում տվյալ ընկերությունը: Լինում են նաեւ դեպքեր, երբ տեխնիկական բնութագրեը այնպիսի մանրամասն, կոնկրետությամբ են նկարագրում, որ այդպիսով եւս ուղորդում են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ը շատ երկրներում նշվում է որպես Մրցակցության միջազգային օր, իսկ Հայաստանում այն նշվում է առաջին անգամ։




























