Այս փոփոխությունների ընդունումը բարի կամքի դրսեւորում կլինի: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում «Գործող կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակներից հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Պատգամավորն առաջարկեց փոփոխել օրենքում նշված ժամկետները՝ այն փոխարինելով «2015 թվականի մայիսի 15-ից 2017-ի դեկտեմբերի 1-ով», ինչը կերկարացնի ժամկետը պարտադիր ծառայությունից խուսափած, օրենքով հետապնդվող քաղաքացիների համար, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ:
«Մարդիկ կան, որոնք հայրենիքից հեռացել են տակավին մանուկ տարիքում, բայց Հայաստան վերադառնալու ցանկություն ունեն»,- պարզաբանեց Աճեմյանը՝ հավելելով, որ նման քաղաքացիներին այս օրենքից օգտվելու հնարավորություն պետք է ընձեռվի:
Նշենք, որ օրինագիծը թույլ է տալիս զինծառայությունից խուսափած եւ 27 տարեկան դարձած անձանց տուգանք վճարել եւ քրեական հետապնդումից ազատվել: Լրացումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք զինծառայությունից խուսափել են եւ այս պատճառով հետախուզվում են, եւ որոնց 27 տարեկանը լրացել է, մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը հնարավորություն կտրվի վճարել 3 մլն 600 հազար դրամ: Օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:




























