Աբու Դաբիում Լուվրի առաջին մասնաճյուղը նախատեսել է ցուցադրության մեջ մտցնել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարը, որը նոյեմբերին աճուրդում ռեկորդային՝ 400 մլն դոլարով էր վաճառվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի կեսին նկարը վաճառվել էր Նյու Յորքի Christie's աճուրդում, որը գրեթե կես ժամ էր տեւել: Արդյունքում նկարը գնել էր 400 մլն դոլար առաջարկած գնորդը, ում անունը աճուրդի տան ներկայացուցիչները չեն հրապարակում:
New York Times-ը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, հայտնել էր, որ աճուրդում նկարը ձեռք էր բերել սաուդյան արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մոհամմեդ բին Ֆարհան Ալ Սաուդը: Պարբերականի տեղեկություններով՝ նա գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ընկերն է:
Էմիրությունների Լուվրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել նոյեմբերին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զեյիդ Ալ Նահայանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Բահրեյնի, Մարոկկոյի թագավորների, Աֆղանստանի նախագահի եւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:




























