Բազմաթիվ մեծահարուստ ընտանիքների կանայք ենթարկվել են բռնության, 6-րդ անգամ տարվել են պլաստիկ վիրահատության: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ անդրադառնալով ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի նախագծին:
Նրա խոսքով, թեեւ ինքը կողմ է քվեարկելու նախագծին, սակայն կարծում է, որ ոչ մի օրենսգրքում ավանդական ընտանիք տերմինը սահմանված չէ: «Ամեն ընտանիք ունի իր երջանկության ու դժբախտության բանաձեւերը»:
Լուիզա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքի ընդունումից հետո կանայք իրենց ավելի պաշտպանված կզգան, ավելի համարձակ կլինեն եւ անհրաժեշտության դեպքում կդիմեն իրավապահ մարմիններին. «Այո, կանայք անհարմար են զգում, ինչը ցավալի փաստ է, որովհետեւ եթե կա բռնություն, նշանակում է բռնության ես ենթարկվել քո սիրելիի կողմից: Ինձ համար նաեւ շատ կարեւոր է երեխաների հարցը: Անընդհատ խոսում ենք կին-տղամարդ հարաբերության մասին, չմոռանանք նաեւ այդ ընտանիքներում ապրող երեխաներին, թե ինչպես նրանց հոգեբանության վրա դա կարող է ազդել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ ընտանեկան բռնությունը հատուկ չէ միայն անապահով ընտանիքներին. «Բոլոր մարդիկ, ովքեր ձգտում են ուրիշների հաշվին կայանալ, դա մանկության խնդիրներն են: Դա չի փոխվում ո՛չ լավ սոցիալական վիճակում, ո՛չ վատ, ո՛չ հարուստ լինելուց, ո՛չ աղքատ: Վստահորեն կարող եմ վիճակագրություն ներկայացնել, որ բազմաթիվ մեծահարուստ ընտանիքների կանայք ենթարկվել են բռնության, 6-րդ անգամ տարվել են պլաստիկ վիրահատության»,-ընդգծեց նա:
Նշենք, որ օրենքի նախագիծը քվեարկության է դրվելու վաղն առավոտյան:




























