Հայաստանի ազգային ժողովն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջին ընթերցմամբ 97 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը:

Ըստ այդմ, 2018 թ. ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով:

Հաշվեքննիչ պալատի ստեղծումը նպատակ ունի վերահսկողությունից անցում կատարել հաշվեքննության, նաեւ Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ինդոսային ստանդարտներին համահունչ Հաշվեքննիչ պալատ ունենալ:

Նշվում է, որ Հաշվեքննիչ պալատը ինքն է հաստատելու իր գործունեության ծրագիրը եւ լինելու է ավելի անկախ մարմին, քան Վերահսկիչ պալատը: Եթե Վերահսկիչ պալատը եզրակացություն էր ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկանքի վերաբերյալ, ապա Հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննություն: