Փարիզի դատարանը դեկտեմբերի 8-ի երեկոյան մեղադրանք է ներկայացրել Lafarge ֆրանսիական ընկերության երկու նախկին ղեկավարներին Սիրիայում ահաբեկչությունը ֆինանսավորելու համար, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով քննչական շրջանակներում իր աղբյուրները։
Lafarge-ի նախկին գլխավոր տնօրեն Բրյունո Լաֆոնը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007-2015թթ․ ինչպես նաեւ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Քրիստիան Էրրոն մեղադրվում են այն բանում, որ նրանք 2013-2014թթ․ ֆինանսավորել են ահաբեկչական կազմակերպություններին եւ վտանգի տակ դրել այլ մարդկանց կյանքը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը մեղադրանք էր ներկայացրել ընկերության ղեկավար Էրիկ Օլսենի դեմ։ Franceinfo ռադիոկայանը հայտնել էր, որ նման մեղադրանքները ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ աննախադեպ դեպք են։
Աշխարհում ամենամեծ շինանյութ արտադրող ընկերության դեմ նույնպես մեղադրանք է ներկայացվել ԻՊ-ից նավթ գնելու համար։




























