Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող  Արարատ Խանդոյանի պատիժը մեղմացնելու  պաշտպանի բողոքն այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է։  Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր, որ մեղմ պատիժ նշանակեն՝ հիմք ընդունելով, որ իր պաշտպանյալի  դեմ ցուցմունք տվողները ոստիկանության երկու  աշխատակից  եղել, որոնք արժանահավատ չեն։

Բացի այդ, փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի, վերջին երկու օրվա ընթացքում ստիպված են եղել մի քանի անգամ շտապօգնություն կանչել, սակայն այս հանգամանքը դատարանը հաշվի չի առել։  Արա Ղարագյոզյանը միջնորդություն է ներկայացրել նաեւ ուսումնասիրել այն տեսանյութերը, որոնց հիման վրա էլ նրան մեղադրանք է առաջադրվել։ Դատարանը այս միջնորդությունը եւս մերժել է։

Նշենք, որ դատական նիստը ընթացել է բուռն մթնոլորտում։ Արարատ Խանդոյանը դատավորներին արգելել է իրեն դիմել որպես ամբաստանյալ։ «Ինձ ամբաստանյալ մի դիմեք, ամբաստանյալը դուք եք։ Ես քաղբանտարկյալ եմ, ոչ թե ամբաստանյալ, ամբաստանյալը դուք ես, ես քո նմանների հտեւանքով եմ էստեղ, դու երեխա ես եղել, չես հասկացել, որը որից հետո է»,–հայտարարել է Արարատ Խանդոյանը։