Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը. նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ եւ որակով սպասարկում իրականացնենք: Այս մասին նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր խոսքում նշել է. «Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկում ենք շուրջ 150 բեռնատար եւ 240 մարդատար ավտոմեքենա»:
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մաքսային ձեւակերպումներն իրականացվում են նաեւ տարածքային ստորաբաժանումներում: Ըստ Սուրեն Ղազարյանի, հեռավոր մարզերից Երեւան հասնելու անհրաժեշտությունը վերանում է՝ Շիրակի մարզի բնակիչները նույն գործընթացը կարող են կատարել Գյումրիում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Իսկ մաքսային ձեւակերպումների պարզեցման արդյունքում, փաստաթղթերի արժանահավատության դեպքում տարածաշրջանում գործող տնտեսվարողները նույնպես Գյումրիում կարող են բեռը ձեւակերպել գործարքի գնի մեթոդով:
«Ներդրվել է նաեւ մաքսային ձեւակերպումների վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այժմ կարող է հայտարարագիրը գրանցել, օրինակ, Սյունիքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել Բավրայի մաքսային կետում»,-նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավարը:
Հյուսիսային մաքսատուն-վարչությունում արձանագրում են, որ վերջին շրջանում Շիրակի մարզում ավելացել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների թիվը՝ հասնելով շուրջ 1360-ի: «Հուլիսից գործառույթների ընդլայնման եւ բարեփոխումների արդյունքում մաքսային վճարների մուտքերն ավելացել են 110 միլիոն դրամով»,-տեղեկացրել է Սուրեն Ղազարյանը:
Կառույցի ղեկավարի հավաստմամբ՝ աշխատակիցների առջեւ հստակ խնդիր է դրված՝ բիզնեսին եւ քաղաքացիներին մատուցել արագ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով:




























