Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահուստային ֆոնդից 51,6 մլն դրամ է տրամադրել այն ընկերություններին, որտեղ աշխատում են տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նշված գումարը կօգտագործվի եկամտային հարկի եւ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ն)  վճարման համար: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստին:

Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այս գումարը կտրամադրվի «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության անդամ ընկերություններին, որտեղ աշխատողների առնվազն 50%-ը տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունի: Այս գումարից 29,1 մլն դրամը կվճարվի ԱԱՀ-ի փոխհատուցման համար, իսկ 22.5 մլն դրամը՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի եւ 2017 թվականի  9 ամսվա եկամտային հարկի համար: