ԱՄՆ Հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովը (FCC) չեղյալ է հայտարարել «ցանցային չեզոքության» սկզբունքը, որը ներկայացվել էր Օբամայի նախագահության ժամանակ: Այն համացանցի մատակարարներին պարտավորեցնում էր հավասար հասանելիություն տալ ամբողջ վեբ կոնտենտին՝ օգատերերից վճար չպահանջելով ավելի բարձր որակի առաքման կամ որոշակի կայքերի արտոնյալ օգտագործման համար:
Այս մասին ասվում է «New York Times»-ում հրապարակված Քիթ Քոլինսի հոդվածում:
Նշվում է, որ FCC քվեարկությունը մեծ հաղթանակ էր Աջիթ Փայի հանձնաժողովի համար, ով երկար ժամանակ ցանցային չեզոքության դեմ էր արտահայտվում՝ ասելով, որ այն խանգարում է նորարարություններին:
«Ցանցային չեզոքության» կանոնները ուժի մեջ մտան 2015-ին: Կանոնների համաձայն՝ արգելված էին հետեւյալ մեթոդները.
1)արգելափակում. համացանցի մատակարարները չեն կարող որեւէ օրինական կոնտենտի նկատմամբ խտրականություն ցուցաբերել՝ արգելափակելով կայքերը կամ հավելվածները, 2)կարգավորում. մատակարարները չեն կարող դանդաղեցնել տվյալների փոխանցումն անկախ կիոնտենտի բնույթից, եթե դա օրինական է, 3) առաջնահերթություն. մատակարարները չեն կարող արագ համացանց ապահովել այն ընկերությունների եւ օգտատերերի համար, որոնք վճաարներ են կատարում եւ դանդաղեցնել նրանցը, ովքեր դա չեն անում:
Հեղինակը բացատրում է, թե ինչ կերպ նորարարությունը կանդրադառնա սովորական օգտատերերի վրա:
«Սպառողների շահերի պաշտպանները պնդում էին, որ եթե կանոնները վերացվեն, լայնաշերտ կապի մատակարարները կսկսեն համացանցը փաթեթով վաճառել: Ցանկանու՞մ եք մուտք ունենալ Facebook եւ Twitter: Փաթեթի շրջանակում այդ կայքերում սոցիալական մեդիայի պրեմիում փաթեթի համար հարկավոր կլինի վճարներ կատարել», - ասվում է հոդվածում:
Ավելին, հեղինակը նշում է, որ որոշ երկրներում այս կանոնն արդեն գործում է:
Օրինակ Պորտուգալիայի բջջային օպերատորներից մեկը ներկայացրել է «Social», «Messaging» եւ «Video» անվանումներով ծրագրերից օգտվելու կանոնները:
Փոքր բիրզնեսի որոշ սեփականատերեր մտահոգված են, որ դաշտի հսկաները կարող են վճարել, որպեսզի առավելություն ունենան, մինչդեռ փոքր ընկերությունները անարդարացիորեն ոչինչ չեն ստանա:
Էլեկտրոնային առեւտրի ստարտափերը նույնպես վախենում են, որ նրանք կարող են վճարովի առաջնահերթության պատճառով տուժել, երբ իրենց կայքերն ու ծառայություններն ավելի դանդաղ կբեռնվեն, քան համացանցի հսկաների հետ աշխատողների կայքերը:
Ֆրիլանսերները եւ ֆրանշիզա ստացողները, որոնք աշխատում են այսպես կոչված ազատ եկամուտի տնտեսությունում, նույնպես կարող են բախվել մեծ ծախսերի հետ, որպեսզի կարողանան տանից աշխատել:
Այս ամենի հետ մեկտեղ հեղինակը նշում է, որ վերջին ամիսներին մի քանի համացանցի մատակարարներ հրապարակային խոստացել են կանոնները չեղյալ համարելուց հետո չարգելափակել եւ չկարգավորել կայքերը: Ընկերությունները պնդում են, որ «չեզոքությունը» FCC -ին չափազանց շատ վերահսկողություն էր տվել իրենց բիզնեսի նկատմամբ, եւ կանոնները դժվարացնում են իրենց ցանցերի ընդլայնումը:
Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ Քիթ Քոլինսը առաջարկում է եւս մեկ տեսակետ: Իր հոդվածի վերջում նա նշում է, որ որոշ փորձագետների կարծիքով, նոր կանոնները չեն հանգեցնի համացանի զարգացման ուղղության մեջ արմատական փոփոխությունների:




























