ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման եւ Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: ՈՒղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:

Մսից կատարվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Նախատոնական առեւտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն եւս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել եւ ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: