Եգիպտական ռազմական դատարանը գնդապետին 6 տարվա ազատազրկման է դատապարտել այն բանից հետո, երբ նա հայտարարել է նախագահ Աբդել Ֆաթթա ալ Սիսիի դեմ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին, հաղորդում է AP-ն։
Փաստաբան Ասադ Հեյկալի խոսքով՝ գնդապետ Ահմեդ Կոնսովը մեղավոր է ճանաչվել ռազմական կանոնակարգը խախտելու համար՝ արգելված քաղաքական գործունեության մեջ ներգրավվելով:
42-ամյա Կոնսովը ձերբակալվել է դեկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ հայտարարել էր Սիսիի դեմ իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա սկզբին: Ակնկալվում է, որ գործող նախագահը առաջադրելու է իր թեկնածությունը, թեեւ դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:




























