Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարեւորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարեւոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը եւ ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում եւ հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը եւ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության, ինչպես նաեւ երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:
.jpg)
.jpg)
.jpg)



























