Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի հաջորդ տարվա գարնանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունները պետք է զուգակցվեն օրենսդրական համագործակցությամբ: Հայաստանի համար 2017 թվականը նշանավորվել է համաձայնագրի ստորագրմամբ: Սկսվել է համաձայնագրի վավերացման գործընթացը, եւ նախատեսվում է այն ավարտել հաջորդ տարվա գարնանը: Հայաստանին հաջողվել է իրագործել ստանձնած պարտավորությունները»,- ասել է Կարեն Նազարյանը՝ նշելով, որ առաջիկայում համաձայնագիրը կվավերացվի ՀՀ ԱԺ-ի կողմից, իսկ մինչեւ այդ դեռ պետք է ներպետական ընթացակարգերի ճանապարհով անցնի:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, փոխարտգործնախարարը նշել է, որ այն կարեւոր կետ է մերձեցման համար:

Ըստ Նազարյանի, թե երբ կվավերացնեն փաստաթուղթը Եվրամիության 28 երկրները եւ Եվրոպական խորհրդարանը, հնարավոր չէ կանխատեսել, սակայն Հայաստանը համաձայնագրի որոշ դրույթներից, օրինակ, բյուջետային աջակցությունից կկարողանա օգտվել արդեն սեփական խորհրդարանում փաստաթուղթը վավերացնելուց հետո՝ չսպասելով եվրամիության երկրների վավերացմանը:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր ելույթում նշել է, որ նոյեմբերին ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նրա կարծիքով՝ այս պատմական համաձայնագրի հիմքում ընկած է հավատարմությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգին:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության շրջանակում կողմերի համագործակցությանը՝ պարոն Քարիմը նշել է, որ այն գործիք չէ, որն ուղղորդում է Հայաստանին ընտրություն կատարել ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ:

Հայաստանն ունի կամք՝ իրականացնելու բարեփոխումները քաղաքացիական հասարակության պահանջներին եւ ԵՄ առջեւ ստանձնած պարտավորություններին համահունչ: «2017-20 թվականներին երկկողմանի օժանդակությունը կհասնի ընդհանուր 160 միլիոն եվրոյի: Նախորդ ժամանակաշրջանում՝ 2014-17 այդ դրամաշնորհների գումարը եղել է 18.5 միլիոն եվրո: Այս աջակցության համար, սակայն, կան պայմաններ: Եվ ես կարծում եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում այս հանգամանքը ընդգծելու համար․ Հայաստանը պետք է իր կողմից որոշակի գործողություններ կատարի, այն է՝ բավարարի այն պահանջները, որոնք սահմանվել են ոլորտային բարեփոխումների իրականացման տեմպի առումով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով, լրատվամիջոցների ազատության առումով, փոքրամասնությունների պաշտպանության առումով»,- «Ազատության» փոխանցմամբ, ասել է Քարիմը: