Փորձաքննությունների ազգային բյուրոն նոր տնօրեն ունի։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին այցելեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ եւ աշխատակազմին ներկայացրեց կազմակերպության նորանշանակ տնօրեն Արգամ Հովսեփյանին:

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց նաեւ ոլորտի առջեւ կանգնած խնդիրների, առաջիկա զարգացման ծրագրերի եւ հեռանկարների մասին: Նշելով, որ երկար տարիներ լինելով փորձագիտական բնագավառում Արգամ Հովսեփյանը ծանոթ է ոլորտին եւ լավատեղյակ է այն քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել շարունակական զարգացումն ապահովելու համար եւ համոզված է, որ նա կկարողանա նոր թափ հաղորդել կազմակերպության առաջընթացին, քանի որ  այս կազմակերպությունում Արգամ Հովսեփյանն աշխատում է ստեղծման օրվանից եւ ծանոթ է անձնակազմի ուժեղ եւ թույլ կողմերին:

ՀՀ ԳԱԱ նախագահը համոզմունք հայտնեց, որ Արգամ Հովսեփյանի կողմից պաշտոնի ստանձնումը կլինի շատ սահուն  եւ նշեց, որ անհրաժեշտ է համախմբվել, ներդնել առկա ողջ ներուժը, ձեռքբերումներն ու փորձը ոլորտի շարունակական զարգացումն ու առաջընթացն  ապահովելու նպատակով:

Նորանշանակ տնօրենը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահին եւ կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին` խորհրդին, նման բարդ եւ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, հավաստիացնելով, որ նախորդ տարիների փորձի եւ գործունեության արդյունքում ձեւավորվել է համախմբված թիմ, որն էլ ավելի համախմբվելով, ստեղծելու է այն հարթակը, այն օբյեկտիվ դաշտը, որտեղ իրենք իրենց գործունեության, մասնագիտական ունակությունների իրացման արդյունքում կկարողանան ապահովել կազմակերպության կանոնադրական գործառույթների պատշաճ մակարդակը:

Ա.Հովսեփյանը նշեց նաեւ, որ ներդնելու է ողջ ներուժը բարձրացնելու կազմակերպության դերն ու նշանակությունն ինչպես ներպետական մակարդակներում, այնպես էլ միջազգային հարթակներում, ընդգծելով նաեւ շահագրգիռ պետական մարմինների աջակցության կարեւորությունը  կազմակերպության զարգացման գործում: