Զորակոչիկ Արտյոմ Նիկողոսյանը, որն առաջին անգամ 3 տարով տարկետում է ստացել 2-րդ կարգի սկոլիոզի համար, կրկին հետազոտության կենթարկվի ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովում:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված, 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովում զորակոչիկի մայրը՝ Սաթենիկ Նիկողոսյանը, պատմեց, որ 3 տարի առաջ տարկետում էր տրվել, որովհետեւ ախտորոշվել էր 2-րդ կարգի սկոլիոզ՝ 28 աստիճանի, սակայն այս անգամ հետազոտվել է եւ ախտորոշվել է 1-ին կարգի սկոլիոզ՝ 22 աստիճան: Նշենք, որ առաջին կարգի դեպքում զորակոչիկները ծառայության են մեկնում սահմանափակումով, մինչդեռ երկրորդ կարգի դեպքում տրվում է տարկետում:
«Մենք փորձել ենք կրկին հետազոտության գնալ Նորք Մարաշում գտնվող Վնասվածաքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն, սակայն, մեզ չեն ընդունել՝ նշելով, որ 17-27 տարեկան տղաները կարող են հետազոտվել միայն ուղեգրով: «Աստղիկ» բժշկական կենտրոնում համակարգային հետազոտության է ենթարկվել տղաս, ախտորոշվել է 24 աստիճան, որը համարվում է 2-րդ կարգ: Սակայն, ՊՆ բժշկական հանձնաժողովն այս հետազոտության արդյունքները հիմք չի ընդունում»,- ասաց Սաթենիկ Նիկողոսյանը:
Նշենք, որ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովում զորակոչիկը համակարգային հետազոտություն չի անցել, «քանոնով» են որոշել թեքությունը: Հասարակական խորհուրդը որոշեց դիմել հանձնաժողովին՝ միջնորդելով լրացուցիչ հետազոտություն անելու:
«Հակասող տվյալներ կան»,- պարզաբանեց խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:




























