Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն:
Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով պետական ծառայությունների, ներառյալ՝ սոցիալական եւ համայնքային ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի տարածքում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման բնագավառում համագործակցությանը:




























