Բրիտանական Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Շառլ Դյութուան, որի կողմից սեռական ոտնձգությունների մասին ավելի վաղ հայտնել էին մի քանի կանայք, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ դեմ առաջադրված մեղադրանքները ինձ նույնքան են ցնցել, որքան իմ բարեկամներին եւ գործընկերներին: Ես չեմ ճանաչում լրատվամիջոցներում նկարագրված ո՛չ մարդկանց, ո՛չ գործողությունները»,- դիրիժորի հայտարարությունն է մեջբերել BBC-ն: Դյութուան նաեւ հայտարարել է, որ իրավաբանական օգնության է դիմել եւ իր վարկը կպաշտպանի:

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Դյութուայի դեմ մեղադրանք են ներկայացրել 4 կանայք՝  օպերայի 3 երգչուհի եւ նվագախմբի երաժիշտ: Կանանց խոսքով՝ ոտնձգության դեպքերը տեղի են ունեցել 1985 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում՝ մեքենաների մեջ, հյուրանոցներում, դիրիժորի գրիմի սենյակում, վերելակում եւ կուլիսների հետեւում: Իրենց անունը հրապարակել են թույլ տվել կանանցից երկուսը՝ մեցցո սոպրանո Պաուլա Ռասմուսենը եւ Grammy մրցանակի կրկնակի դափնեկիր սոպրանո Սիլվիա Մակնեյրը:

81-ամյա Շառլ Դյութուան հռչակ է ձեք բերել Վիեննայի պետական օպերայի նվագախումբը ղեկավարելիս: Ավելի ուշ նա ղեկավարել է Բերնի սիմֆոնիկ նվագախումբը Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Գյոթեբորգի, Ֆիլադելֆիայի, Տոկիոյի եւ այլ նվագախմբեր: Նա բազմաթիվ պատվավոր կոչումներ եւ պարգեւներ ունի, 9 անգամ Grammy մրցանակի է առաջադրվել՝ նվաճելով երկու մրցանակ: Ամուսնացել է 4 անգամ, ունի որդի եւ դուստր: