Երեւանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող Կարեն Շահինյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, պնդեց, որ սպանելու դիտավորություն չի ունեցել, ամեն ինչ եղել է պահի տակ:

«Մենք շատ մոտիկ ընկերներ էինք, դեպքի օրը պիտի դուրս գայինք, երկու հոգի եկան, ես էլ ավտոյով էի, սպասեցի, որ տուն տանեմ… փոքր ախպորս ընկերն էր, 100-200 հազար դրամի համար մարդ չեն սպանում, ինչ եղել ա, եղել ա պահի տակ, կռիվ ենք արել, Արթուրը դանակը հանեց, ես վերցրի ձեռքից ու խփեցի նրան… ես միշտ խաղադրույքներ եմ արել, մի անգամ ինքը սխալ արեց խաղադրույքս, ես ներեցի, երկրորդ անգամ որ սխալ արեց, թուղթը ճմռթեց, գցեց վրաս, էդտեղից սկսեց կռիվը… ես մի հատ 100 դրամ չեմ վերցրել, որ անընդհատ մեղադրողն ասում ա՝ շահադիտական ա եղել…»,- Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառում ասաց ամբաստանյալը:

Կարեն Շահինյանը խնդրեց դատավճիռ կայացնելիս հաշվի առնել, որ երկու անչափահաս երեխա ունի: Սպանված երիտասարդի մայրը հակադարձեց. «Իմ տղան երբեք գրպանում դանակ չի պահել, անհնար է, որ դեպքի օրը մոտը դանակ լիներ, եթե լիներ, ինքը կխփեր, ոչ թե կթողներ, որ իրեն խփեին… եթե քո երեխաների մասին մտածեիր, տղուս չէիր սպանի, այն էլ 23 հարված հասցնեիր, ի՞նչ պահի տակ լինելու մասին է խոսքը, եթե 23 հարված ես հասցրել»:

Ամբաստանյալի պաշտպան Արթուր Ալիխանյանն իր պաշտպանական ճառում միջնորդեց հնարավորինս մեղմ պատիժ սահմանել:

«Ապացույց չկա, որ շահադիտական դրդումներով սպանություն է տեղի ունեցել, պետք է քննության առնվի այն հանգամանքը, որ կատարվածը եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, սահմանազանցմամբ կամ հոգեկան խիստ հուզված վիճակում: Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ»,- ասաց պաշտպանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Նշենք, որ մեղադրողը 18 տարվա ազատազրկում է պահանջել, իսկ տուժող կողմը՝ ցմահ ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:

Շահինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Նշենք, որ Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: Նա կալանավորված է։