ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գրախանութի սրահից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը  14:30-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գործող գրախանութի սրահից գաղտնի հափշտակել է քաղաքացու «Այֆոն 5» տեսակի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է մի տղամարդ գրախանութի սեղանից ինչ-որ իր վերցնում եւ հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն` նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: