Սեւանի ՔԿԱԳ-ի նախկին պետ Մ. Կ.-ն կրկին հայտնվել է դատարանում, այս անգամ պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հափշտակության մեղադրանքով:
Մ.Կ.-ն արդեն ավելի քան 3 տարի է՝ դատական քաշքշուկների մեջ է: Տարբեր դրվագներով նա մեղադրվում է կաշառք վերցնելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ: Այս պահին դատաքննության փուլում է Մ.Կ.-ի մասնակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու գործ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մ.Կ.-ն, որը 2009թ.-ից աշխատել է որպես Սեւանի ՔԿԱԳ-ի պետ, անձնական այլ դրդումներից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև օժանդակել է պետական սահմանն ապօրինի հատելուն։ Այս գործով կա եւս մեկ մեղադրյալ՝ Ս.Գ.-ն, որը ըստ մեղադրանքի, չի ունեցել Հայաստան մուտք գործելու թույլտվություն եւ 2014թ. հունվարին դիմել է Մ.Կ.-ին, որն էլ օժանդակել է եւ տրամադրել կեղծ փաստաթուղթ հանդիսանցող ՀՀ քաղաքացու անձնագիր: Ս.Գ.-ն դրանով հատել է ՀՀ պետական սահմանը:
Օրերս դատարան է ուղարկվել եւս մեկ գործ: Ըստ մեղադրանքի՝ նախկին պաշտոնյան, անձնական դրդումներից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, օժանդակել է ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելուն, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեությամբ կատարել է ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն։
Մ.Կ.-ն 2014թ. սեպտեմբերից գտնվում է կալանքի տակ:


























