Երեւանում սեպտեմբերի 5-ին 11-ամյա աղջնակին մահացու վթարի ենթարկելու գործով մեղադրյալ Արթուր Հակոբյանն ազատության մեջ է:

NEWS.am-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալին գրավի դիմաց ազատ է արձակվել: Որոշումը գործը վերահսկող դատախազը բողոքարկել է Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարեւան երթեւեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը եւ թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթեւեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետեւ` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին:

Պատահարի հետեւանքով «OPEL»-ի ուղեւոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լեւոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Այսպիսով, ճանապարհատրանսպոտային կանոնների խախտման համար, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ, Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն արարքի եւ ճանապարհատրանսպոտային պատահարի վայրը թողնելու համար Լեւոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: